Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Զվարճացան, գնացին տուն

Զվարճացան, գնացին տուն
28.02.2014 | 11:50

Անցած երկու-երեք օրերին կայացան Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի նաև երկրորդ քառյակի առաջին հանդիպումները: Խոշոր պայմանականություն կլինի ասելը, թե անակնկալներ գրանցվեցին: Դա այդպես չէ քառյակը կազմած զույգերից և ոչ մեկի պարագայում, իհարկե, «Օլիմպիակոս»-«Մանչեստր Յունայթեդ» մասնակի բացառությամբ:

Դորտմունդի «Բորուսիան» Սանկտ Պետերբուրգում 4:2 հաշվով հաղթանակ տարավ «Զենիթի» նկատմամբ, և սա դեպքերի զարգացման միանգամայն սպասված շրջանակից էր, որովհետև «Զենիթը» «Բորուսիային» զույգ չէ ո՛չ կատարողականով, ո՛չ ֆուտբոլիստների ներուժով, ո՛չ խաղ կառուցելու ունակությամբ, ո՛չ էլ մնացած բաներով` պայմանով, եթե բացառում ենք խնդրի ֆինանսական կողմը:
Գերմանական ակումբից խաղի սկզբնամասում ընդամենը հինգ րոպե պահանջվեց ապացուցելու համար, թե դաշտում ով ով է: Պետերբուրգցիներն անգամ չկարողացան օգտվել մրցակցին պատուհասված մնացած 85 րոպեին ինչ անելու մոլորությունից: Ասում ենք մոլորություն, որովհետև, պատկերավոր ասած, կրակը կարգին չվառված, խորովածը պատրաստ, սեղանին դրված էր, իսկ մարդիկ բարև-բարլուսից հետո չէին էլ հասցրել մեկմեկու ողջությունից հարցնել: Հիմա հուսալ, թե պատասխան խաղում ռուսներն ի վիճակի են ինչ-որ բան փոխելու, ամենաքիչը ցնդաբանության ոլորտից է: Բախտի ինչ թեթևությամբ «Զենիթը» հայտնվեց մեկ ութերորդում, զարմանալ պետք չէ, նույնպիսի թեթևությամբ էլ թռչում է այնտեղից (պիտի որ հիշեք` վեց միավորով դուրս եկավ փլեյ օֆ այն դեպքում, երբ տասներկու միավոր հավաքած թիմը դուրս մնաց):
Չհիշեցի Հենրիխ Մխիթարյանի՞ն:
Ո՞վ ասաց:
Մեր տղան ինչ-որ անելու էր, արեց. գոլ էլ խփեց, գոլային փոխանցում էլ արեց, սրտներիս վրա էլ մի մատ յուղ քսեց:
Էլ ի՞նչ եք ուզում կամ ինչպե՞ս եք ուզում, որ հիշեմ:
Հիմա՝ վերն ասված բացառությունից: Կամ՝ հարաբերական բացառությունից:
«Օլիմպիակոսը» երկու չոր գնդակի առավելությամբ տուն ճանապարհեց «Մանչեստր Յունայթեդին», ու վերջինիս մոյեսյան տարբերակին դա միանգամայն հասնում էր, որովհետև այս մի շոտլանդացին նախկին համերկրացու թիմից, մեղմ ասած, կաշին ու ոսկորն է թողել: Եթե մարզչի տարեսկզբյան փոփոխության արդյունքում ակումբը կատարողների կորուստ ունեցած լիներ, էլի մի կերպ հասկանալի կլիներ «յունայթեդյան» այս անկումը, բայց, արի ու տես, որ սա էլ չկա: Հիմա պատասխան խաղում «Յունայթեդը» շտկումներ կանի, թե ոչ, սկզբունքորեն էլի բան չի փոխելու, որովհետև, ասենք թե, մի քայլ էլ առաջ գնաց, բա հետո՞ ինչ է անելու. դեմը սարի պես տղերք են, սարի պես թիմեր: Իհարկե, կարելի էր յունայթեդյան անհաջողություններից մի քիչ էլ մորմոքվել, բայց դե, մեր ունեցած դարդն էլ քիչ չէ՝ նկատի ունեմ հայկական ակումբային ֆուտբոլի անմխիթար վիճակը: Այնպես որ, զուտ բարի կամեցողությամբ մանչեստրյան ակումբին ցանկանանք շուտափույթ վերակենդանացում ու անցնենք մյուս զույգերի խաղերին:
«Չելսիի» հետ խաղում «Գալաթասարայը» միավորները կիսեց: Սա ինչ-որ չափով սպասված էր, որովհետև, չգրված ավանդույթի համաձայն, անգլիական ակումբները թուրքական դաշտերում ոնց որ թե ծանր են հանդես գալիս: Ինչ խոսք, այստեղ իր վճռական դերակատարությունը կունենա կողմերի երկրորդ հանդիպումը, ու ավելի քան չեմ կասկածում, որ Մոուրինյոն Մանչինիի ականջին փսփսալու բան չի կարող չունենալ սեփական բացառիկությունը նրա աչքը մտերմորեն խոթելու առումով: Պորտուգալացու մերը էն կարգի տղա լույս աշխարհ չի բերել, որ նրա անուշ բալեն 1:1 հաշվից իրեն բավարարված զգա: Իսկ եթե բավարարվածություն-չբավարարվածությունն էլ դնենք մի կողմ, Լոնդոնում իսկապես լուրջ կռիվ է լինելու: Այնպես որ՝ աշխատեք այդ խաղը բաց չթողնել:
Եվ, վերջապես, եզրափակիչ խոսք «Շալկե»-Մադրիդի «Ռեալ» դիմակայության մասին, որը, եթե անկեղծ խոսենք, դիմակայություն էլ չէր. հինգ գնդակի տարբերությամբ, այն էլ սեփական դաշտում պարտվելը ի՞նչ դիմակայության մասին խոսելու տեղ կարող է թողնել, և ի՞նչ մխիթարություն կարող է դիտվել Հունտելարի խփած միակ գոլը Ռոնալդուի, Բեյլի, Բենզեմայի դուբլների ֆոնին: Խոստովանենք, որ արքայական ակումբը չորեքշաբթի Գերմանիա էր գնացել մի քիչ օդափոխվելու, մի քիչ էլ զվարճանալու համար, ինչն էլ արեց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ